Թբիլիսիում ԵԱՏՄ համաժողովի դեմ բողոքի ակցիա կանցկացվի

Այսօր Թբիլիսիում նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարար համաժողով: Հաղորդում է Rustavi 2 հեռուստաընկերությունը՝ ընդգծելով, որ միջոցառման մանրամասները գաղտնի են պահվում, սակայն հայտնի է, որ 90 մասնակից է արդեն գրանցվել:

Մասնակիցներ թվում է նաև ռուսական պատվիրակությունը: Հստակ տեղեկատվություն այն մասին, թե ով է Վրաստանում համաժողովը հյուրընկալում, հայտնի չէ: Հեռուստաընկերությունը նշում է, որ կազմակերպիչները չեն մեկնաբանում, թե ինչու է Վրաստանում ԵԱՏՄ համաժողով անցկացվում, երբ Վրաստանն այդ միության չի անդամակցում։

Վրաստանի գործարարների միության փոխնախագահը Rustavi 2-ի հետ զրույցում հայտնել է, որ համաժողովի կազմակերպիչը Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատն է:

Համաժողովի անցկացման դեմ բողոքի ակցիա են նախապատրաստում «Ռուսաստանն օկուպանտ է» շարժման անդամները: Ակտիվիստներն իշխանություններից պահանջում են ներդրումների վերաբերյալ քննարկումներ ունենալ եվրոպական երկրների, այլ ոչ թե Ռուսաստանի հետ: