Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասի բնակելի շենքերից մեկում վերելակի անսարքությունը դարձել է երիտասարդ ամուսինների մահվան պատճառ։ Տեղեկության համաձայն՝ նշված դեպքի հետևանքով մահացածներն ամուսիններ Արման և Արմինե Սարկիսովներն են։
Դեպքի մասին տեղեկություն է հրապարակել Rustavi 2-ը․ «Երբ վերելակի դուռը բացվել է կանչով, վերելակը եղել է այլ հարկում։ Տղամարդն ինքնաբերաբար ներս է մտել բաց դռնով և ընկել հորը, կինը փորձել է դուրս քաշել նրան, բայց երկուսին էլ ջախջախել է վերելակը, որն անսպասելի սկսել է աշխատել։ Երկուսն էլ երիտասարդ էին՝ մինչև 35 տարեկան։ Փրկարարները դուրս են բերել մահացածների դիերը»։
Հունվարի 14-ին Թբիլիսիում վերելակի հորն ընկած տղամարդը՝ Արման Սարկիսովը, իր անձնական սոցցանցում անդրադարձել էր վերելակների խնդրին` տեղեկություն տարածելով Լոտկին բնակավայրում վերելակի խափանման մասին, որի հետեւանքով տուժել է 3 մարդ։
«Ինչ հրաշք է, ինչպես է այս մարդու սիրտը զգացել, որ մեկ շաբաթից նույն բանը կպատահի իր հետ։ Ի՞նչ է կյանքը, ինչպե՞ս է դա տեղի ունենում, հուշո՞ւմ, թե՞ ինտուիցիա»,- գրել է սոցցանցի օգտատերերից մեկը։
«Մթավարի արխին» ևս անդրադարձել է դժբախտ պատահարին. լրատվամիջոցին տված հարցազրույցում բնակիչներից մեկը նշել է, որ վերելակի անսարքությունը խնդիր է նաև դիմացի շենքում, և մեծ է հավանականությունը, որ մի օր նման դեպք կարող է պատահել նաև այնտեղ։
Հատկանշական է, որ վերելակների հետ կապված խնդիրները Թբիլիսիի հասարակական ամենալուրջ խնդիրներից է։
Եթե քաղաքապետարանը ֆինանսավորում է վերելակների փոխարինումը, ապա գումարի մի մասը ստիպված են հավաքել բնակիչները։ Այնքան թանկ է վերելակի ամբողջական փոխարինումը, որ հաճախ բնակարանային հարցերով զբաղվող կազմակերպությունները պարզապես փոխում են հնացած մասերը՝ սահմանափակվելով ընթացիկ վերանորոգմամբ:
Քաղաքացիական ակտիվիստները, արձագանքելով այս դեպքին, նշում են, որ վերելակների վիճակը պետք է վերահսկի հենց շենքի ղեկավարությունը: