Այսօր տեղի ունեցած միջգերատեսչական խորհրդի նիստից հետո Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ մայրաքաղաք Թբիլիսիում կխստացվեն դիմակ կրելու հետ կապված միջոցառումները: Նախարարի խոսքով՝ խոսակցություն է գնում նաև տրանսպորտային արգելքների մասին, սակայն սա համար մեկ որոշումը չէ խնդիրը լուծելու համար:
Տիկարաձեի խոսքով՝ այս պահին, ելնելով Թբիլիսիում առկա համաճարակային իրավիճակից, լրացուցիչ սահմանափակումներ դնելու հիմքեր չկան:
«Հույս ունենք, որ մայրաքաղաքի բնակչությունը կօգնի մեզ, որ դիմակների ինտենսիվ և խիստ օգտագործման պայմաններում ստիպված չլինենք լրացուցիչ սահմանափակումներ ընդունել»,- հայտարարել է Տիկարաձեն:
Թբիլիսիում որոշ սահմանափակումներ սահմանելու մասին խոսել է նաև Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն, ում խոսքով մայրաքաղաքում չեն նախատեսվում մասշտաբային սահմանափակումներ:
Հիշեցնենք՝ վերջին օրերին մայրաքաղաք Թբիլիսիում աճում են կորոնավիրուսով վարակի դեպքերը, ինչի հետևանքով քաղաքը հայտնվել է վարակաբանների ուշադրության կենտրոնում: Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 478 նոր դեպք, որոնցից 178-ը գրանցվել է Թբիլիսիում: