Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ին, Թբիլիսիում տոնածառի լույսերը վառելուն զուգահեռ հանրահավաք տեղի կունենա։ Հանրահավաքի կազմակերպիչ «Տալղա» («Ալիք») շարժումը Թբիլիսիի քաղաքապետարանից պահանջում է փոխել կամ չեղարկել ամանորյա «Խաղաղության քաղաք» կարգախոսը:
«Մենք բոլորս պետք է լինենք այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են ապրել ժողովրդավարական պետությունում։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգտվել օրենքով տրված խոսքի ազատությունից, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մաս կազմել եվրոպական ընտանիքին, բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում ամոթով շրջել կառավարության հիմարության պատճառով»,- ասել են կազմակերպիչները։
Նրանց խոսքով, Ինքնակառավարման օրենսգիրքը Թբիլիսիի քաղաքապետարանին պարտավորեցնում է տեղական բնակչության շահերին համապատասխան լուծել տեղական նշանակության հարցերը։
Ի դեպ, նոյեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Թբիլիսիի ամանորյա գլխավոր կարգախոսը լինելու է «Խաղաղության քաղաք»-ը։
Թբիլիսիի Ազատության հրապարակում ակցիա է անցկացվել. ակցիայի մասնակիցները պահանջել են փոխել Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղադրված ամանորյա կարգախոսը։
Ի պատասխան` Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ եթե Վրաստանում քաղաքական գործընթացներն այլ կերպ ընթանային վերջին մեկուկես տարվա ընթացքում, և իշխանության վերադառնար կոնկրետ խումբ (նկատի ունի ընդդիմությանը- խմբ.), Թբիլիսին կլիներ պատերազմի քաղաք, ոչ թե խաղաղության։