Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ Թբիլիսիում տղամարդը սպանել է կնոջը։
Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1957 թվականին ծնված Զ.Վ.-ին։ Վերջինս ձերբակալվել է Թբիլիսիում՝ ընտանիքի անդամի նկատմամբ դիտավորյալ սպանության մեղադրանքով:
Հանցագործությունը հաստատվելու դեպքում նրան սպասվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:
«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա հուլիսի 8-ին մեղադրյալը վիճաբանել է կնոջ՝ 1964 թվականին ծնված Լ.Զ.-ի հետ, ինչի արդյունքում Զ.Վ.-ն բութ առարկայով վնասել է նրա գլուխը, որի հետևանքով Լ.Զ.-ն տեղում մահացել է։ Հանցագործության զենքն առգրավվել է որպես ապացույց»,- ասված է տարածած հաղորդագրությունում։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա 109-րդ հոդվածի «կ» ենթակետով, որը ենթադրում է ընտանիքի անդամի նկատմամբ դիտավորությամբ կատարված սպանություն: