Թբիլիսիում շարունակվում է պահպանվել տարիների ավանդույթը: Տարին մեկ անգամ, Թբիլիսիի բնակիչներն ու ոչ միայն, հնարավորություն ունեն քաղաքի սրտում՝ կոլորիտային Մեյդանի տարածքում, համտեսել հայկական տոլմայի գրեթե բոլոր տեսակները՝ պատրաստված ունիկալ բաղադրատոմսերով:
«Տոլմայի Փառատոն 2022-ը» նշվեց Հայ առաքելական առանորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։ Բակում հավաքված էին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները։ Փառատոնին ներկա էր նաև Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Փառատոնը մեկնարկեց Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի ունեցավ պատարագ, որից հետո հավաքված անձինք ճաշակեցին տարբեր տեսակների հայկական տոլմա, պատրաստված Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության ներկայացուցիչ կանանց կողմից։
Ներկա էր նաև վերջերս Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում ստացած հայազգի հասարակական գործիչ և լրագրող Վան Բայբուրթը, ով «Ալիք մեդիայի» հետ զրույցում պատմեց տոլմայի փառատոնի պատմության մասին․
«Տոլմայի փառատոնը շատ մեծ պատմություն ունի, դեռ այն ժամանակ երբ հայ պատմագրության մեջ Թբիլիսին հիշատակվում էր Տփղիս, այդ ժամանակներիցի վեր անցկացվում է այստեղ տոլմայի փառատոնը։ Այնուհետև տոլմայի փառատոնը տեղափոխվեց Թիֆլիս, 1836 թվականից տոլմայի փառատոնը մեզ հետ է»։
Տոլմայի տեսակները կարող են լինել շատ տարբեր, նշում է Բայբուրթը․
«Ես շատ տեղերում եմ փորձել տոլմա, մեկ անգամ, երբ Չինաստանում պեկինյան տոլմա էի փորձում, անգամ այնտեղ հաստատեցին, որ առաջին անգամ տոլմա Թիֆլիսում են փորձել։ Սա մեր ավանդույթն է, որը այսքան տարի պահպանվել է, և երևի կպահպանվի նաև ապագայում», — պատմում է Բայբուրթը։
Մատուցարանների հետևում կանգնած տիկինները, ովքեր և պատրաստել էին տոլման հյուրասիրում էին հյուրերին, պատմում տոլմա պատրաստելու եղանակների մասին։ «Ալիք մեդիայի» հետ զրույցում Սիրանուշ Կարապետյանը նշում է, որ այսօրվա տոլման առանձնահատուկ է, չնայած նրան, որ ինքը հաճախ է տոլմա պատրաստում․
«Լավ տոլմա պատրաստելու համար սեր է պետք, իսկ ինչ վերաբերում է բաղադրամասերին, ապա հայկական ավանդական տոլման բնականաբար լավ մսով, համեմունքներով, թարմ կանաչեղենով և կախված տեսակից նաև թփով կաղամբով կամ այլ բանջարեղեներով են փաթաթում։
Տոլմա պատրաստել դեռ տատիկիցս եմ սովորել, կարևոր է նաև մատուցման ձևը, լավաշը պարտադիր պայման է, նաև նռան հատիկով կարելի է զարդարել, բանջարեղեններով, մածուն-կանաչեղենով և այլն», — նշում է Կարապետյանը։
Տոլմա ներկայացնող մեկ այլ տիկին, կիսվեց տոլմա պատրաստելու իր գաղտնիքներով․
«Թփով տոլմայի համար անպայման է, որ միսը յուղոտ լինի, եթե յուղոտ չէ մի քիչ յուղ կամ կարագ ավելացնել, եթե շատ պինդ է մի քիչ ջուր, մանր փաթաթել, ավանդական տոլման ընդունված է մանր փաթաթել, այդպես ավելի լավ կեփվի», — նշեց նա։
Փառատոնի ընթացքում տոլմա ճաշակեցին ոչ միայն Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, այլև այլ քաղաքացիներ, ռուսալեզու մի կին նշեց, որ առաջին անգամ է ուտում․ «Չգիտեի փառատոնի մասին, քաղաքում քայլում էինք երեխայիս հետ տեսա որ ինչ որ միջոցառում է ընթանում, հյուրասիրեցին նաև մեզ, շնորհակալ եմ, շատ համեղ էր, առաջին անգամ փորձեցի»։
Հատկանշական է, որ Հայաստանում տոլման ամենատարածված և ամենահայտնի ուտեստներից մեկն է, ինչի պատվին կազմակերպվում է ամենամյա խոհարարական միջոցառում՝ «Տոլմայի փառատոն»։ Սովորաբար այն մատուցում են մածունով և ճզմած սխտորով։ Որպես համեմունք՝ տոլմայի մեջ հազվադեպ օգտագործում են նաև ընկույզով, սնկով և բալի սոուս։ Տոլմայի պատրաստման համար կիրառվում է մսի 3 տեսակ՝ խոզի միս, տավարի միս և ոչխարի միս: