Լատվիայից Թբիլիսի ժամանած դասախոսները դարձել են տաքսու վարորդի խարդախության զոհ։
Ըստ վրացական լրատվամիջոցների՝ մասնագետները ապրիլի 11-ին Լատվիայից Թբիլիսի են ժամանել, որից հետո օդանավակայանում տաքսի են նստել` հյուրանոցներից մեկը գնալու համար։
Նշվում, է որ տաքսու վարորդը ուղևորներից պահանջել է վճարել 200 լարի (մոտ 65 դոլար), ինչը գրեթե 10 անգամ ավելի է ստանդարտ ուղեվարձից։ Սակայն, երբ ուղևորները հրաժարվել են վճարել պահանջված գումար, տաքսու վարորդը որոշել է նրանց բաց չթողնել և բռնի ուժով տարել է Կախեթիի շրջանի ուղղությամբ։ Արդյունքում ուղևորները հայտնվել են Գոմբորիի լեռնանցքի մոտ։
Rustavi-2 լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տաքսու վարորդն արդեն բերման է ենթարկվել։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ «շորթում» և «ազատությունից ապօրինի զրկում»։
Տուժողները Վազիանիի ոստիկանական բաժանմունքում հարցաքննության ժամանակ արդեն ցուցմունք են տվել։
Ընդգծենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ չի մեկնաբանել միջադեպը։