Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, օրենսդրական փոփոխությունների համաձայն, ավարտված օբյեկտները հնարավոր է շահագործման հանձնել որոշակի պայմաններով։
Կալաձեն նշել է, որ փոփոխությունների շնորհիվ հնարավոր է դարձել շահագործման հանձնել այնպիսի շենքեր և շինություններ, որոնց շինաշխատանքն ավարտվել է 2020 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ, և միաժամանակ դրանք կառուցվել են թույլտվության պայմանների խախտմամբ։
Նրա իսկ խոսքով, շահագործման են հանձնվում միայն այն շենքերը, որոնք, ըստ համապատասխան փորձագիտական եզրակացությունների, համապատասխանում են անվտանգության չափանիշներին։
«Ինչպես գիտեք, մայրաքաղաքի ամենամեծ խնդիրներից ու մարտահրավերներից մեկն ավարտված օբյեկտներն էին, որոնք մինչ օրս շահագործման չեն հանձնվել։ Ցավոք, մարդիկ տասնյակ տարիներ ապրել են նման շենքերում։ Պատճառը շինարարական կազմակերպությունների/շինարարների կողմից օրենքի խախտմամբ շինարարությունն է եղել՝ ավելի շատ արտոնություններ ստանալու նպատակով»,- ասել է Կալաձեն։
Ըստ քաղաքապետի, խոսքը այնպիսի շինությունների մասին է, որոնց ժամանակ խախտվում են, օրինակ՝ K1, K2, K3 պարամետրերով ավտոկայանատեղիների քանակը, բարձրության ճշգրտման գիծը և այլն։
Կալաձեն նշել է, որ նման շենքերը շահագործման հանձնելու համար, ըստ օրենքի, քաղաքապետարան դիմելու վերջնաժամկետը 2 տարի է։
«Նշենք, որ հուլիսի վերջին արդեն լրացել է հայտերի ընդունման մեկ տարին, այս պահին քաղաքապետարան է դիմել 667 անձ, իսկ այսօրվա դրությամբ արդեն շահագործման է հանձնվել 167 օբյեկտ։ Մի քանի հարյուր դիմում վերանայվում է։
Ըստ այդմ, ևս մեկ անգամ կոչ ենք անում չշահագործվող շենքերում բնակվող անձանց՝ համապատասխան փաստաթղթեր պատրաստել և դիմել քաղաքապետարան։ Սրա համար դեռ ժամանակ կա, օգտվեք այս հնարավորությունից, և մենք, իհարկե, առավելագույն աջակցություն կցուցաբերենք»,- խոստացել է քաղաքապետը։