Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում պատրաստվում են հերթական ակցիան անցկացնել: Ցուցարները իշխանությանը վերջնաժամկետ էին ներկայացրել մինչև այսօր ժամը 14:00-ը: Նրանց գլխավոր պահանջը ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականն էր, որի չբավարարվելուց հետո ցուցարարները սկսել են հավաքվել և քիչ անց ցույցը կմեկնարկի: Այսօր տեղի կունենա թվով չորրորդ բողոքի ցույցը:
Նախօրեին ցուցարարները ակցիան եզրափակեցին երթով՝ խորհրդարանի շենքից շարժվեցին դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր մասնաշենք:
Հավելենք, որ ցուցարարների հիմնական պահանջները հետևյալներն են.
- ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը
- Ազատ արձակվեն բոլոր այն մարդիկ, որոնք ձերբակալվել են հունիսի 20-ի բողոքի ակցիան ցրելիս
- Պատժվեն բոլոր այն իրավապահները, ովքեր հունիսի 20-ի ցույցը ցրելիս բռնություն են կիրառել
- 2020 թվականից ընտրություններն անցկացվեն համամասնական ընտրակարգով