Թբիլիսիում դեկտեմբերի 12-ին «Թումայնանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում նշվել է Հովհաննես Թումանյանի տիկնոջ՝ Օլգա Մաճկալյանի 150-ամյակը:
Երեկոն նախաձեռնել են «Թումանյանի տուն» կենտրոնը և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը: Տեղեկությունը տարածում է Վիրահայոց թեմի մամլո ծառայությունը:
Միջոցառման օրը, Օլգա մայրիկի հիշատակին դահլիճը զարդարված է եղել տարբեր ընտանիքներում նախնիներից պահպանվող հազվագյուտ իրերով: Ներկայացվել են ասեղնագործ նմուշներ, հազվագյուտ հովանոց, սպասք, դրամապանակ, գլխաշոր և նման այլ իրեր: Երախտիքի խոսքեր են ուղղվել Դավթյան, Զոհրաբյան, Աղեկյան, Աբովյան, Ութմազյան, Երեմյան ընտանիքներին` հազվագյուտ իրերը ներկայացնելու համար:
Միջոցառման ընթացքում տեսակապով միացել են Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը՝ Գերմանիայից և Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:
Ներկաները իրենց ելույթներում արժևորել են միջոցառման յուրահատկությունը, հիշել իրենց ընտանիքներում հաստատված ավանդույթները և իրենց խոնարհումը բերել Օլգա Մաճկալյանի հիշատակին:
Ամփոփելով միջոցառումը, գնահատանքի իր խոսքում արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը փոխանցել է Վիրահայոց թեմի առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը: