Այսօր՝ մայիսի 19-ին, ժամը 13։00-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հարակից տարածքում՝ Գորգասալի հրապարակում (Մեյդան) մեկնարկեց Սայաթնովյան 110-րդ ավանդական «Վարդատոնը»:
Մինչև համերգը տոնի մասնակիցները վարդեր խոնարհեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հանգչող աշուղ Սայաթ Նովայի շիրիմին։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Վիրահայերի միություն» կազմակերպության նախագահ Մարի Առաքելովան: Տոնի առթիվ վիրահայ համայնքին իր շնորհավորանքը հղեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Աշոտ Սմբատյանը, ելույթ ունեցավ նաև Թբիլիսիի ավագանու նախագահ Գիորգի Տկղեմելաձեն, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, գրող արձակագիր Ռուզաննա Հովասափյանը։
Համերգային մասը բացեց ՀՀ կրթության, գիտություն, մշակույթի և սպորտի նախարարության ժողովրդական երաժշտության և պարի ազգային նվագարանների պետական նվագախումբը։ Մեներգիչն էր Վարդան Բադալյանը։
Երաժշտական համարներով հանդես եկան Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասան Գենրիխ Պետրոսյանը, Հայարտուն կենտրոնի դուդուկի խումբը, դերասան Սամվել Բազոյանը, մեներգչուհիներ՝ Աիդա Բազոյանը, Նինա Կարապետյանը և այլն։ Երգչուհի Քեթի Խուցիշվիլին ներկայացավ Սայաթ-Նովայի 110-րդ Վարդատոնին նվիրված իր երգով։
Սայաթ-Նովայի երգի էլևեջներով ոգեշնչված պարային համարներով հանդես եկան Ախալքալաքից ժամանած «Ջավախք» պարային համույթը, «Անի» պարային համույթը, «Ջեյրան» պարային համույթը, 104 դպրոցին կից գործող «Վանք» պարային համույթը և այլն։
ՀԿ-ի ղեկավար Մարի Առաքելովան նշում է, Վարդատոնը՝ Սիրո աշուղ Սայաթ-Նովայի հուշը մնացած Թբիլիսիում․
«Սայաթ-Նովայի բոլոր ստեղծագործությունները հայ-վրացական հարաբերությունների համար իր բացառիկ դերն ունի։ Ինչպես գիտենք նա մի քանի լեզվով է ստեղծագործել, և իր բոլոր ստեղծագործությունները նվիրել սիրուն, բարուն մարդկությանը։ Բացի այդ հայերը իրեցնց յուրահատուկ դերն են ունեցել վրացական մշակութային և հասարակական կյանքում, ուստի կարևոր է պահպանել այս գեղեցիկ ավանդույթը՝ Վարդատոնը»։
Նշենք, որ «Վարդատոնը» այս տարի կազմակերպել է «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը՝ Վրաստանում ՀՀ դեսպանատան, Վիրահայոց թեմի, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի և Թբիլիսիի քաղաքապետարանի և սակրեբուլոյի բարձր հովանու ներքո:
Ի դեպ, «Վարդատոնը» հիմնադրվել է 1914 թվականին վրացի գրականագետ Իոսեբ Գիրշաշվիլիի, հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ, որին ավանդաբար մասնակցում են հայ և վրացի գրողներ, հասարակական գործիչներ, ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչներ։
Ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը ժողովուրդների բարեկամության երգչին նվիրված տոնը մեծ շուքով անցկացվում է Թբիլիսիի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող Մեյդան թաղամասում։
«Վարդատոնն» ավանդական է դառնում նաև Երևանում. արդեն մի քանի տարի է թբիլիսյան «Վարդատոնին» նախորդող շաբաթվա վերջին օրը Հայաստանի մայրաքաղաքում նույնպես նշվում է որպես Թիֆլիսի մեծ աշուղի հիշատակի և հարգանքի օր: