Վրաստանում նախորդ երկու օրվա ընթացքում երկու լայնամասշտաբ բողոքի ակցիա անցկացվեց:
Առաջին հավաքից հետո Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական ներկայացրեց: Նույն պահանջով՝ արդեն երկրի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայից, հավաքվեցին նաև նախօրեին:
Երկրորդ ակցիան , չնայած որ ավելի մարդաշատ էր, անցավ առանց արյունի: Ելույթներից հետո հավաքի մասնակիցները ցրվեցին՝ անոնսելով երրորդ ակցիան՝ այսօր ևս, նույն տեղում ու նույն ժամին, հիմնական պահանջը կրկին Գախարիայի հրաժարականն է լինելու:
Նախօրեին ՌԴ-ի նախագահը հայտարարեց ռուսական ավիաընկերությունների՝ դեպի Վրաստան ուղևորափոխադրումների արգելքի մասին: Արգելքն ուժի մեջ կմտնի հուլիսի ութից: Այս պահին, ըստ մոտավոր հաշվարկների՝ Վրաստանում հանգստանում է 5-7 հազար զբոսաշրջիկ: Խոսքը կազմակերպված տուրիստական խմբերի մասին է, որոնք մինչ հուլիսի ութը պետք է լքեն Վրաստանը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում ստեղծված իրավիճակը քննարկել է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչերի հետ: Հանդիպմանը մասնակցել են Էստոնիայի, Լիտվայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Բուլղարիայի դեսպանները, նաև ԱՄՆ-ի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարը, Եվրամիության ներկայացուցչության ղեկավարներ:
Զուրաբիշվիլին ասել է, թե հանրային համաձայնության հասնելու համար պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք չունեն ապակայունացմանն ուղղված որևէ գաղափար կամ մարտահրավեր:
Նախօրեին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպել էր նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և արտգործնախարար Դավիդ Զալկալիանին:
Հանդիպումների ընթացքում դեսպանները կողմերին հանգստության, բռնությունից հրաժարվելու և երկխոսություն սկսելու կոչ են արել:
Ակցիայի առաջին օրը տուժած քաղաքացիներից New Hospitals-ում շարունակում է մնալ 11 մարդ, նրանց թվում նաև աչքը կորցրած աղջիկը: Կլինիկայի ղեկավարի խոսքով՝ նրանց բոլորի վիճակը կայուն է, ոչ մի պացիենտի կյանքին վտանգ չի սպառնում: