Մայիսի 19-ին Թբիլիսիում տեղի կունենա ավանդական 110-րդ Սայաթնովյան Վարդատոնին նվիրված միջոցառումը։
Միջոցառումն իրականացնում է «Վիրահայերի միությունը»՝ Թբիլիսիի քաղաքապետարանի և ավագանու ֆինանսական աջակցությամբ, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության, ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության, Վիրահայոց թեմի կրթամշակութային կենտրոնների և Թբիլիսիի Պերտրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի մասնակցությամբ։
Տոնը կսկսվի արդեն ավանդույթ դարձած քայլեթով Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնից․ մասնակիցները վարդեր կխոնարհեն Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հանգչող աշուղ Սայաթ Նովայի շիրիմին։
Ժամը 13։00-ին կմեկնարկի համերգային ծրագիրը։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Սայաթնովյան 109-րդ Վարդատոնը նշվեց մայիսի 28-ին։
«Վարդատոնը» հիմնադրվել է 1914 թվականին վրացի գրականագետ Իոսեբ Գիրշաշվիլիի, հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյան նախաձեռնությամբ, որին ավանդաբար մասնակցում են հայ և վրացի գրողներ, հասարակական գործիչներ, ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչներ։
Ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը ժողովուրդների բարեկամության երգչին նվիրված տոնը մեծ շուքով անցկացվում է Թբիլիսիի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող Մեյդան թաղամասում։
«Վարդատոնն» ավանդական է դառնում նաև Երևանում. արդեն մի քանի տարի է թբիլիսյան «Վարդատոնին» նախորդող շաբաթվա վերջին օրը Հայաստանի մայրաքաղաքում նույնպես նշվում է որպես Թիֆլիսի մեծ աշուղի հիշատակի և հարգանքի օր: