Վրաստանում քննարկման առիթ է դարձել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ’Բրայենի հայտարարությունը՝ Վրաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ:
Օ’Բրայենը, որ մայիսին էր Թբիլիսիում, ասում է, որ «Վրացական երազանք»-ը չի ընդունում իրականությունը։
Բարձրաստիճան պաշտոնյան բացատրում է, որ նոր ընդունված օրենքի կիրառումն ազդում է այն հանգամանքի վրա, որ ընտրությունները չեն կարող համարվել արդար և անցկացվել ազատ միջավայրում։ Ջիմ Օ’Բրայենի կարծիքով՝ կառավարչական թիմի քայլերը հեշտացնում են Ռուսաստանին առավելության հասնել Վրաստանի տեղեկատվական տարածքում։
«Մենք ցանկանում ենք, որ վրացի ժողովուրդը կարողանա քվեարկել ազատ և արդար ընտրություններում։ Դա, որպեսզի տեղի ունենա, մենք պետք է տեսնենք, որ ամբողջ գործընթացը ճիշտ է ընթանում: Սրա մեջ մտնում են համայնքային միավորումները, քաղաքացիական կազմակերպությունները, կամավորները: Առաջիկայում այս բոլոր կազմակերպությունները պետք է կարողանան արդյունավետ աշխատել՝ առանց ոտնձգությունների կամ բռնության վախի: Սա կարևոր է»,- ասել է պաշտոնյան:
Բարձրաստիճան պաշտոնյան անդրադարձել է նաև Վրաստանի հանդեպ ԱՄՆ-ի պատժամիջոցներին՝ նշելով, որ դադարեցվել է վրաց հասարակության աջակցությունը տարբեր ուղղություններով՝ հավելելով, որ դա իհարկե, լավ չէ, բայց անհրաժեշտ է:
Վրացի վերլուծաբան Զուրա Բատիաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում անդրադարձել է Օ’Բրայենի հայտարարությանը:
Ըստ վերլուծաբանի, Վրաստանի իշխանությունն ավելի ու ավելի է հեռանում Արևմուտքից և արևմտյան արժեքներից: Բատիաշվիլին նշում է՝ իշխանությունը բացահայտ ցույց է տալիս, որ իրենց համար մեկ է` երկիրը կմտնի Եվրամիություն, թե ոչ, կլինի ժողովրդավարական, թե ոչ:
Վերլուծաբանն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ ռեպրեսիաներ են կիրառվելու ոչ միայն հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների նկատմամբ, այլ նաև կսահմանվեն արգելքներ ընդդիմադիր կուսակցությունների վրա: Ըստ նրա՝ սա ուղիղ ճանապարհ է՝ դեպի բռնապետություն։
Օ’Բրայենի հայտարարությունն էլ հենց այս իրավիճակին է վերաբերվում, հասկանալի է, որ նման իշխանությունից ամեն ինչ սպասելի է, ասում է Բատիաշվիլին:
Անդրադառնալով «Վրացական երազանք»-ի հստակ քայլերին՝ վերլուծաբանը վկայակոչում է նոր ընդունված օրենքը․
«Կան բազմաթիվ քայլեր, այդ թվում այն, որ Վրաստանի բնակչության 90 տոկոսը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, իսկ «Վրացական երազանք»-ն անում է ամեն ինչ, որպեսզի Վրաստանը չդառնա Եվրամիության անդամ, որոնց թվում ռուսական օրենքի ընդունումն է:
«Գործակալների օրենք»-ի ընդունումից հետո Վրաստանի ինտեգրացիան դադարեցվել է, ասեմ ավելին՝ դադարեցվել է երկար ժամանակով՝ քանի դեռ այս օրենքը ուժի մեջ է»:
Հիշեցնենք նաև, որ Ջիմ Օ’Բրայենը արձագանքել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի` վրաստանյան ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների գործունեությունն արգելելու մասին հայտարարությանը՝ ասելով, որ տվյալ հայտարարությունը ժողովրդավարական չէ: