Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխություններ են կատարվում. Երևանը, որ ավանդաբար համարվում էր տարածաշրջանում Մոսկվայի դաշնակիցը, փորձում է անվտանգության նոր երաշխավորներ գտնել և այդ պատճառով շարժվում է դեպի Արևմուտք: Թբիլիսին, փաստացի, հակառակ ուղղությամբ է ընթանում, ժամանակին ունենալով ամենամեծ հնարավորությունները` այժմ հակաժողովրդավարական օրենքների և հակաարևմտյան հռետորաբանության ֆոնին կորցնում է Արևմուտքի անսասան աջակցությունն ու, ժողովրդի կամքին հակառակ, քայլում է դեպի ռուսական իմպերիալիզմ, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասում են վրացի փորձագետները:
Փորձագետները դրական են գնահատում Եվրոպական միության խորհուրդի որոշումները, ըստ որոնց` հավանություն են տրվել Խաղաղության եվրոպական հիմնադրամի (EPF) շրջանակներում Հայաստանի զինված ուժերին աջակցելու առաջին օգնությանը և վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու որոշմանը: Ըստ փորձագետների՝ ցավոք, դեպի Եվրամիություն Երևանի ճանապարհն անցնում է Վրաստանով, և եթե Վրաստանը չշարժվի այդ ուղղությամբ, ապա Հայաստանի հնարավորությունները ԵՄ անդամակցության գործում տեսականորեն անհնար կդառնա: Թեև նշում են՝ Հայաստանը չպետք է սպասի Թբիլիսիի քայլերին:
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրուցում ասաց՝ վերջին շրջանում տեսնում ենք Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական գործոնների փոփոխություն. Հայաստանը, որ Մոսկվայի դաշնակիցն էր, շարժվում է դեպի Արևմուտք, իսկ Արևմուտքը նրան աջակցության ձեռք է մեկնում:
«Առաջինը կարող ենք համարել ԱՄՆ-Հայաստան զորավարժությունները (նկատի ունի «Արծիվ գործընկեր 2024» հայ-ամերիկյան զորավարժությունները — հեղ.), երկրորդը՝ Եվրամիության խորհրդի Խաղաղության եվրոպական հիմնադրամի (EPF) շրջանակներում հաստատված 10 մլն եվրոյի օգնությունն է Հայաստանի զինված ուժերին աջակցելու նպատակով»,- ասաց Մելաշվիլին:
Մելաշվիլին հավելեց՝ Երևանի համար արտաքին քաղաքականութունն արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, եթե Վրաստանը նույնպես շարունակի ընթանալ ԵՄ ուղիով: Մելաշվիլին նկատեց՝ Թբիլիսին գտնվում է այնպիսի իրավիճակում, երբ ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները «պատմական ցածր մակարդակում են», ԵՄ-ն հայտարարել է EPF-ի կողմից տրամադրվող 30 մլն եվրոյի և Վրաստանի եվրանդամակցության գործընթացի սառեցման մասին, իսկ ահա Երևանը փորձում է շրջադարձ կատարել դեպի Արևմուտք:
Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վրացի հետազոտող Գիորգի Բիլանիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց՝ այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում՝ իշխող թիմի հակաարևմտյան հռետորաբանության և Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով է: Բիլանիշվիլին այս իրավիճակում առանձնացրեց ՀՀ-ի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության առանձնահատկությունը.
«Հայաստանի ներկայիս իշխանությունը փորձում է խորացնել հարաբերություններն Արևմուտքի հետ: Դրա շնորհիվ EPF-ից 10 մլն եվրոյի աջակցություն կստանան զինված ուժերի համար, և Եվրոպական խորհուրդը բանակցություններ կսկսի նաև վիզաների ազատականացման շուրջ»:
Հիշեցնենք. Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է՝ «գործակալների օրենքի» ընդունման պատճառով Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր EPF-ից:
Ուշագրավ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։
Հիշեցնենք նաև, որ. մայիսի 8-ին ԵՄ անդամ երկրների դեսպանները Բրյուսելում ևս մեկ անգամ Վրաստանին առնչվող հարցեր են քննարկել, այդ թվում՝ այն հնարավոր զարգացումները, եթե Վրաստանն ընդունի «օտարերկրյա գործակալների մասին օրենքը»։
Ի դեպ, Հայաստանն ու Միացյալ Նահանգներն արդեն երկրորդ անգամ են Հայաստանում համատեղ զորավարժություններ անցկացնում: