Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 9-ին ուժեղ քամին խնդիրներ է ստեղծել մայրաքաղաք Թբիլիսիի մի շարք փողոցներում։
Ըստ տեղեկության՝ քաղաքի տարբեր վայրերում մի քանի ծառ է տապալվել՝ վնասելով էլեկտրահաղորդման գծերը։
Մարիջանիի փողոցում քամու հետևանքով պատ է փլուզվել։ Ուժեղ քամուց հիմնականում տուժել են Սաբուրթալո և Վակե թաղամասերը։
«Բոլոր խնդրահարույց տարածքներում ներկա են Թբիլիսիի քաղաքապետարանի համապատասխան գերատեսչությունների, վարչակազմերի ներկայացուցիչներ, ճանապարհներից հանում են տապալված ծառերը։
Անհրաժեշտության դեպքում գործում է քաղաքապետարանի թեժ գիծը՝ 2722222»,- հայտնում են քաղաքապետարանից։
Ֆեյսբուքյան «Իմ քաղաքը սպանում է ինձ» էջը հրապարակել է լուսանկար և հաղորդագրություն այն մասին, որ քամին Թբիլիսիի Մարիջանիի փողոցի կիսակառույց շենքից շինանյութեր է նետել, որոնք վնասել են ավտոմեքենաները։ Ըստ նույն հաղորդագրության՝ տուժածներ չկան։