Վրաստանում ՀՀ դեսպանատանը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին բացված սգո մատյանում իրենց սրտի խոսքը գրեցին վիրահայ համայնքի ներկայացուցիչները, այնուհետև մոմավառությամբ հարգեցին մեծ հայորդու հիշատակը:
Ազնավուրի հայտնի ու սիրված երգերի ներքո Թբիլիսիում նույնպես վերջին հրաժեշտը տվեցին լեգենդար հային:
«Ինչքան էլ դրական մակդիրներ օգտագործենք հայ ժողովրդի մեծ զավակ Շառլ Ազնավուրի հասցեին, միևնույնն է, քիչ է, քանի որ նրա դերը անմոռանալի է ոչ միայն համաշխարհային երգարվեստի պատմության մեջ, այլև Հայաստան պետության կայացման, կերտման գործում: Պետք չէ մոռանալ 1988-ի երկրաշարժից հետո նրա կատարած ահռելի աշխատանքը: Այն հանրայնացումը, որ նա կատարեց այդ ժամանակ, դրանից հետո շատերը օգնության ձեռք մեկնեցին Հայաստանին: Իրապես ճշգրիտ գնահատական էր, որ նա դարձավ Հայաստանի ազգային հերոս»,- մեզ հետ զրույցում նշեց Վրաստանում ՀՀ դեսպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը:
Հիշեցնենք՝ այսօր Փարիզում տեղի ունեցավ Ազնավուրի հոգեհանգստյան արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Աշխարհահռչակ երաժիշտն իր մահկանացուն կնքեց հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը 94 տարեկանում։
Լուսանկարները՝ Աննա Թանդարյանի