Թբիլիսիում՝ խորհրդարանի մոտ, այսօր՝ փետրվարի 24-ին, ժամը 19:00-ին Ուկրաինայի համերաշխության հանրահավաք տեղի կունենա: Ըստ տեղեկության՝ հանրահավաքին կմիանան նաև Թբիլիսիում բնակվող ուկրաինացի ակտիվիստները, ովքեր կհավաքվեն մետրոյի «Ռուսթավելի» կայարանում և երթով կշարժվեն դեպի խորհրդարան։
«Մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, քաղաքական կուսակցությունները, քաղաքացիական հասարակությունը, տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ, այստեղ ապրող ուկրաինացիներս համախմբվում ենք ենք և ժամը 19։00-ին հանրահավաք ենք անցկացնելու խորհրդարանի դիմաց։ Փետրվարի 24-ն այն օրն է, երբ պուտինյան Ռուսաստանը սկսեց դաժան և ագրեսիվ պատերազմ Ուկրաինայում։ Այս պատերազմը շարունակվում է մինչ օրս և անպայման կավարտվի Ուկրաինայի և ուկրաինացիների կողքին կռվող վրացի հերոսների հաղթանակով»,- նշված է հանրահավաքի կազմակերպիչների հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակները նշել են, որ վրաց ժողովուրդը լավ է հասկանում այս չարիքի (Ռուսաստանի-խմբ.) դեմ պայքարի գինը, ազատության գինը, արժանապատվության գինը, թշնամու դեմ տարած հաղթանակի գինը.
«Դրա համար վրաց ժողովուրդը պատերազմի սկսվելու պահից հատկապես համերաշխ ենք ուկրաինացի հերոս ժողովրդի հետ, Ուկրաինայի հետ։ Փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի մեկնարկի օրը, մենք համախմբվելու ենք և ևս մեկ անգամ մեր ամուր աջակցությունը կհայտնենք ազատության և խաղաղության համար պայքարող հերոսներին»:
Հանրահավաքի կազմակերպիչները կոչ են անում համախմբվել, տեր կանգնել հերոսներին, պատվին, ազատությանը, Ուկրաինային, Վրաստանին։
«Եկեք փետրվարի 24-ին ցույց տանք, թե որտեղ է Վրաստանը և ինչ է Վրաստանը»,- ասված է հանրահավաքի կազմակերպիչների հայտարարության մեջ։