Թբիլիսիում «գործակալների մասին օրենքի» դեմ ցույցը մեկնարկել է

Թբիլիսիում «գործակալների մասին օրենքի» դեմ բողոքի ցույցը մեկնարկել է: «Ալիք Մեդիա Վրաստան»-ի փոխանցմամբ՝ այս պահին տարբեր բուհերի ուսանողներ հավաքվել են Ֆիլհարմոնիայի հարակից տարածքում և երթով շարժվում են դեպի Հերոսների հրապարակ:

Միևնույն ժամանակ Թբիլիսիի պետական ​​համալսարանի (ԹՊՀ) ուսանողները հավաքվել են Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի մոտ։ Նրանք երթով դեպի օրենսդիր մարմին են շարժվել ԹՊՀ-ի առաջին մասնաշենքից:

Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է:

Խորհրդարանի մոտ այս պահին իրավիճակը հանգիստ է: «Ռուսական օրենքին» դեմ արտահայտվողներն ասում են, որ իրենց ընտրությունը Արևմուտքն է, և իրենք թույլ չեն տա, որ որևէ մեկը երկիրը տանի դեպի Ռուսաստան։

Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքն» ուղարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ստորագրությանը: Հայտնի է, որ Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել այս օրենքի վրա։

«Գործակալների մասին» օրենքն ուղարկվել է նախագահին