Թբիլիսիում գնացքի վրաերթից երկու մարդ է զոհվել

Այսօր՝ սեպտեմբերի 3-ի ժամը 13:00-ի սահմաններում, Թբիլիսիի Փեյքրեբիի փողոցի մոտ երկհարկանի Stadler գնացքը վրաերթի է ենթարկել երկու մարդու։

Ժամը 13:10-ից գնացքը կանգ է առել, բայց ուղևորները որոշ ժամանակ չեն կարողացել դուրս գալ վագոններից։ Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ գնացքը մտել է Թբիլիսի` մոտավորապես Դիդուբեի տարածքում։

Վթարի վայրում երկու դի է հայտնաբերվել։

Ավելի ուշ «Վրաստանի երկաթուղիներ»-ը հայտարարություն է տարածել, ըստ որի` գնացքի բախման հետևանքով զոհերը երկաթուղու աշխատակիցներ էին։

«Դիդուբե-Ավճալա հատվածում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով մահացել են Վրաստանի երկաթուղու երկու աշխատակիցներ, որոնք կատարում էին պլանային աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում։ Նույն հաղորդման համաձայն՝ գնացքի ուղևորները չեն տուժել։

«Վրաստանի երկաթուղիներ»-ը հայտնել է, որ դեպքի մանրամասն հետաքննություն է ընթանում, դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ, նաև  ցավակցել են հանգուցյալների ընտանիքներին։