Վրաստանի խորհրդարանի մոտ եվրոպամետ ցույցը վերսկսվել է: Ցուցարարները երթով խորհրդարանի մոտ են եկել Ճավճավաձեի պողոտայից: Երրորդ օրն է քաղաքացիները բողոքում են ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու իշխող «Վրացական երազանք»-ի որոշման դեմ։
Նրանք հարվածում են խորհրդարանի մոտ գտնվող պատնեշին, իրենց բողոքն արտահայտում սուլոցներով ու բղավելով։ Վանկարկում են՝ «Վրաստա՛ն, Վրաստա՛ն, կեցցե՛ Վրաստանը»։
Հանրահավաքի մասնակիցների ձեռքում են Վրաստանի և Եվրամիության դրոշները, ինչպես նաև պաստառներ։ Ցույցի պատճառով երթևեկությունն արգելափակված է։ Տարածքում մոբիլիզացված է ոստիկանությունը։
Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։
Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Գորիում։
Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։