Թբիլիսիում երթ կանցկացվի ընդդեմ կանանց նկատմամբ սեռական բռնության

Վրաստանի կանանց շարժումը և համերաշխության խմբերը, սոցիալական շարժումները, հանգստի, մշակութային և ստեղծագործական տարածքները, գիշերային ակումբները և երաժշտական ​​փառատոնները համախմբվում են՝ պաշտպանելու կանանց մարմնական ինքնավարությունն ու անվտանգությունը:

Ըստ ֆեյսբուքյան հայտարարության՝ Թբիլիսիում երթ կանցկացվի՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ սեռական բռնության» խորագրով:

Հայտարարության համաձայն, երթի նպատակն է փոխել հասարակության արատավոր ընկալումն ու վերաբերմունքը կանանց նկատմամբ բռնության, վերացնել բռնաբարության օրինականացված պրակտիկան և պաշտպանել կանանց սեռական հանցագործություններից։

«Բոլորը պետք է հարգեն կնոջ մարմնական ինքնավարությունը և նրա անձեռնմխելիությունը։ Կինը պետք է պաշտպանված լինի սեռական բռնությունից ամենուր՝ տանը, փողոցում, պարահրապարակում, ցանկացած տեսակի հասարակական կամ մասնավոր տարածքում։ Կնոջ նկատմամբ առանց նրա համաձայնության կատարվող սեռական բնույթի արարքը բռնաբարություն և բռնություն է, որը ճանաչված է միջազգային կոնվենցիաներով և դատարաններով, բայց չի ճանաչվում»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Վրաստանի օրենսդրությունը բռնաբարությունը համարում է միայն ֆիզիկական բռնության կամ բռնության սպառնալիքի միջոցով կատարված արարքը։

Երթի հեղինակները պահանջում են օրենսդրական փոփոխություններ, քանի որ գործող օրենքով հնարավոր չէ կանանց պաշտպանել սեռական հանցագործություններից։

Երթը կանցկացվի նոյեմբերի 25-ին՝ կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը, ժամը 20:00-ին: Երթը կմեկնարկի Թբիլիսիի Առաջին Հանրապետության հրապարակից, կշարժվեն դեպի Վրաստանի խորհրդարան։

Երթի մասնակիցները կոչ են անում միանալ՝ միասին պաշտպանելու կանանց սեռական ազատությունն ու անվտանգությունը: