Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից նախաձեռնված բողոքի ցույցի մասնակիցները «Ավլաբարի» մետրոյի հարակից տարածքից երթով շարժվում են Բարաթաշվիլիի փողոցի ուղղությամբ՝ Քուռ գետի առափնյա պողոտա։ Երթևեկությունը տեղում արգելափակված է։
Ցուցարարները հայտարարում են, որ փակելու են ճանապարհը մայրաքաղաքի երկու կողմերից։ Նրանք իրենց հետ բերել են «Ազատություն Միշային», «Նա չի սպանել» և նմանատիպ գրություններով պաստառներ։
Ակցիայի մասնակիցները պահանջում են բանտային հիվանդանոցում գտնվող երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել բազմապրոֆիլ քաղաքացիական կլինիկա։
Ցույցը գլխավորում է ՄԱՇ-ի նախագահ Նիկա Մելիան, ով նշել էր, որ այսօրվա ակտիվ ցույցը ուժեղ նախազգուշացում է, որ բողոքի շարժումն օրեցօր ավելի մեծ թափ է ստանում։
Հիշեցնենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արձագանքել էր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Թբիլիսիում նախատեսվող հանրահավաքին և Քուռ գետի աջ և ձախ ափերի՝ ճանապարհային հանգույցների ծրագրված փակմանը՝ ասելով, որ այս գործողություններն արգելված են, պատժվում են ազատազրկմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ուժի և հատուկ միջոցների կիրառում կլինի։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր