«Ալիք» շարժման անդամները ցույցեր են անցկացնում Թբիլիսիում «հրաժարական տուր» խորագրով՝ պահանջելով իշխանության հրաժարականը։ Առաջին ակցիան անցկացվել է երեկ՝ ապրիլի 11-ին, Թբիլիսիի ավագանու շենքի մոտ՝ Ազատության հրապարակում։
Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը և ասում, որ շուտով իրենց սկսած շարժումն ընդարձակվելու է և սկսելու են համագործակցել նաև քաղաքական գործիչների և հասարակական կազմակերպությունների հետ։
«Ալիք» շարժման անդամները հայտնել են, որ բացվել է ֆեյսբուքյան խումբ։
«Բոլորը կարող են միանալ մեր խմբին, սրանք ինքնակազմակերպվող հանրահավաքներ են, պահանջվում է կառավարության հրաժարականը, մենք անպայման կքննարկենք, թե ինչ ենք ուզում հրաժարականից հետո», — լրատվամիջոցների հետ զրույցում նշել են կազմակերպիչները։
Նրանք ընդգծել են, որ բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ պահանջը չի կատարվել։
«Դուրս եկեք փոխելու և փրկելու ապագան, փրկեք ձեր քաղաքն ու երկիրը, որովհետև դու ես ապագան, դու ես քաղաքը և դու ես երկիրը», — նշված է «Ալիք» շարժման տարածած հաղորդագրության մեջ։