Վրաստանի խորհրդարանի դիմաց «գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր ևս՝ մայիսի 16-ին, փակել են Ռուսթավելիի պողոտան։
Ժամը 17:00-ից քաղաքացիները հավաքված են օրենսդիր մարմնի շենքի մոտ։ Մասնակցում են նաև մասնավոր և պետական մի շարք բուհերի ուսանողներ։
Հանրահավաքի մասնակիցները վեր են պարզել «ռուսական օրենքին» դեմ գրառումներով պաստառներ և վանկարկում են «Վրաստա՛ն»։
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքն» ուղարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` ստորագրելու: Հայտնի է, որ Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել այս օրենքի վրա։