Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում «Օտարերկյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ կրկին բողոքի ցույց է ընթանում:
Օրենքի նախագծի դեմ բողոքող ուսանողները փակել են Ռուսթավելիի պողոտան, երթևեկությունը սահմանափակ է։
Մինչ այդ ուսանողները երթ էին կազմակերպել Թբիլիսիի պետական համալսարանից դեպի խորհրդարան: Ըստ ուսանողների՝ ակցիան մշտական է և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը հետ չի կանչել «ռուսական օրենք» անունը ստացած օրինագիծը։
Ի դեպ, «Վրացական երազանքը» «գործակալների օրենքը», որը հայտնի է որպես «ռուսական օրենք», խորհրդարան է վերադարձրել 2024 թվականի ապրիլի 3-ին։ Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մարտին, զանգվածային ցույցերի և միջազգային քննադատության պատճառով խորհրդարանական մեծամասնությունը ստիպված էր հրաժարվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից և խոստացավ՝ չվերադառնալ նախագծին։ Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ապրիլի 17-ին:
Օրենքի նախագիծը վերստին խորհրդարան բերելուց հետո Թբիլիսիում զանգվածային ցույցեր են սկսվել․ քաղաքացիները ամեն օր բողոքում են օրինագծի ընդունման գործընթացի դեմ մայրաքաղաքի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց։
Եվրամիությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա դեպի Եվրամիություն Վրաստանի առաջընթացի վրա։