Թբիլիսիում արտահանձնման կալանքի տակ գտնվող ադրբեջանցի լրագրող, Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովը հացադուլ է սկսել։ Այդ մասին հայտնել է Սադիգովի կինը՝ Սևինչ Սադիգովան։
Սևինչ Սադիգովան վրաստանյան Publica լրատվամիջոցին ասել է, որ Աֆգան Սադիգովն անօրինական կալանքի տակ է, նրա իրավունքները ոտնահարվում են։
«Այսօր հացադուլի առաջին օրն է։ Այս միջոցը ձեռնարկվել է, քանի որ այստեղ օրենքը չի գործում, միայն քաղաքական որոշումներ են։ Oրենքով ոչինչ չեն անում։ Ես նրան խնդրեցի հացադուլ չսկսել, քանի որ երբ նա այդ միջոցը կիրառեց Ադրբեջանի բանտում, նրա առողջական վիճակը շատ ծանրացավ… Վախենում եմ, որ եթե շարունակի հացադուլը, Աֆգանի առողջությունը լուրջ վտանգի տակ կհայտնվի»,- սեպտեմբերի 21-ին ասել է Սևինչ Սադիգովան։
Հիշեցնենք. Սադիգովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին։ Օգոստոսի 4-ին դատավորն արտահանձնման կալանք է սահմանել նրա նկատմամբ։ Ադրբեջանցի լրագրողը Թբիլիսիում կմնա անազատության մեջ՝ սպասելով արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշմանը։
Ըստ ներքին գործերի նախարարության՝ Սադիգովն Ադրբեջանում հետախուզվում է սպառնալիքների և շորթման համար:
Սադիգովի ընտանիքն ադրբեջանական կողմի մեղադրանքը որակել է կեղծիք՝ ընդգծելով, որ Ադրբեջանին արտահանձնելու դեպքում Ալիևի ռեժիմը դաժան կվարվի Սադիգովի հետ։
Մինչ ձերբակալությունը Սադիգովը հուլիսի 18-ին Թբիլիսիից այլ երկիր թռչելու հնարավորություն չի ստացել։ Օդանավակայանում նրան ասել են, որ կարող էլքել Վրաստանը միայն այն դեպքում, եթե մեկնի Բաքու։
Դրանից հետո Սադիգովը հրապարակավ ասել էր, որ Վրաստանում այլևս ապահով չի զգում իրեն։ Նա հանդիպել է նաև օմբուդսմենի հետ։ Նրա իրավունքները պաշտպանում է Rights Georgia քաղաքացիական կազմակերպությունը։