Թբիլիսիում այսօր հերթական ցույցն է տեղի ունեցել՝ ընդդեմ սահմանափակումների

«Բացե՛ք երկիրը, բացե՛ք տնտեսությունը»,- այս վանկարկումներով այսօր Վրաստանի կառավարության շենքի դիմաց անցկացվել է հերթական բողոքի ակցիան՝ ընդդեմ կորոնավիրուսի դեմ սահմանված սահմանափակումների:

Ակցիայի մասնակիցները կառավարությանը կոչ են անում տեսնել և գիտակցել «լոքդաունի» պատճառով ստեղծված խնդիրները և ժամանակին ընդունել որոշում սահմանափակումների մեղմացման մասին:

Ակցիային մասնակցել են տարբեր ոլորտների՝ օրինակ հյուրանոցային բիզնեսի, ձմեռային հանգստավայրերի, ֆիթնես ակումբների, ռեստորանների և այլ բնագավառի ներկայացուցիչներ:

Վերջիններս կառավարությունից պահանջում են՝

  • Վերացնել ձմեռային հանգստավայրերի սահմանափակումները,
  • Ուսումնական պրոցեսը շարունակել դասասենյակներում և բացել մանկապարտեզները համապատասխան կանոնակարգերով,
  • Վերականգնել հասարակական և միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը,
  • Բացել ռեստորաններն ու սրճարանները համապատասխան կանոնակարգերի պահպանմամբ,
  • Բացել ֆիթնես և սպորտային դահլիճները,
  • Բացել արվեստի կենտրոնները և անհատական մոտեցմամբ մշակել համապատասխան կանոնակարգեր,
  • Չեղարկել «պարետային ժամը»:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթվանից գրեթե ամեն օր կառավարության շենքի դիմաց տարբեր խմբերի և հասարակական կազմակերպությունների կողմից բողոքի ակցիաներ են անցկացվում ընդդեմ կորոնավիրուսի դեմ սահմանված արգելքների: