Թբիլիսիում ամանորյա զարդարանքների թարմացման համար հայտարարվել է 207.000 լարիի (մոտ 660.000 դոլար) տենդեր։ Այդ մասին նոյեմբերի 17-ին կայացած նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, մայրաքաղաքում ամանորյա զարդարանքի նորացման համար երեք տենդեր է հայտարարվել, բայց այդ երեքից ոչ մեկը նախատեսված չէ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի վերանորոգման կամ փոխարինման համար։
«Այս տարի երեք տենդեր ենք հայտարարել ամանորյա զարդարանքների թարմացման համար։ Դրանցից երկուսը ամանորյա աքսեսուարների ու լույսերի, իսկ մեկը՝ ամանորյա թեմայով դեկորատիվ գնացքի գնման համար է։ Երեք տենդերների արժեքը միասին կազմում է 207.000 լարի»,- ասել է Կախա Կալաձեն։
Կալաձեի խոսքով, բիզնես ոլորտի ներկայացուցիչներին իրավունք կվերապահվի Ամանորին զարդարել Թբիլիսիի տարբեր հատվածները։
«Ես ուզում եմ անդրադառնալ բիզնես ոլորտին։ Նրանցից շատերը դիմել են մեզ կոնկրետ վայրեր զարդարելու համար։ Մենք ձեզ ամեն կերպ աջակցելու ենք և հրավիրում ենք ակտիվորեն աշխատելու մեր քաղաքի գեղեցկության համար։ Ամանորյա տրամադրություն կստեղծենք ինչպես տեղաբնակների, այնպես էլ զբոսաշրջիկների համար», — հավելել է քաղաքապետը։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր