Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ մարտի 7-ի ցույցի ժամանակ իրավապահները մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու փաստերով ձերբակալել են 66 մասնակցի:
Նշվում է, որ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել նույն օրը Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի հարևանությամբ տեղի ունեցած բռնի միջադեպերի վերաբերյալ՝ Վրաստանի ՔՕ-ի 353-րդ և 187-րդ հոդվածներով։
Նշվում է, որ նախարարության կողմից համապատասխան իրավական գնահատական կտրվի բոլոր այն անձանց գործողություններին, ովքեր նպաստել և կազմակերպել են խաղաղ բողոքի ակցիան բռնի ակցիայի վերածումը։
«Իրավապահները վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով՝ մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու փաստերով, բերման են ենթարկել 66 անձի։ Նշված անձանց կողմից կատարված իրավախախտման փաստերը դատարան կներկայացվեն օրենքով սահմանված ժամկետում։
Երեկ ողջ օրվա ընթացքում օրենսդիր մարմնի հարակից տարածքում մոբիլիզացվել են ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումները՝ հասարակական կարգը պաշտպանելու և բողոքի ակցիայի խաղաղ անցկացումն ապահովելու նպատակով։ Ավելի ուշ հավաքվածների բողոքը դուրս է եկել խոսքի ազատության և խաղաղ հավաքների օրենքով սահմանված շրջանակներից և դարձել բռնի։
Խորհրդարանի շենքի մոտ հավաքվածները փորձել են փակել խորհրդարանի մուտքերը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։ Չնայած գերատեսչության բազմաթիվ կոչերին՝ պահպանել կարգուկանոնը, խաղաղ բողոքի ակցիան օրենքի շրջանակներում, անտեսվել է․ հանրահավաքի մասնակիցները շարունակել են իրենց բռնի գործողությունները և չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին»,- ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ ոստիկանները, իրավիճակը մեղմելու նպատակով, բացել են ճանապարհը և հավաքի մասնակիցներին ցրվելու կոչ արել։ Չնայած դրան, հանրահավաքի մասնակիցները ՆԳ-իՆ աշխատակիցների վրա նպատակաուղղված տարբեր առարկաներ՝ քարեր, դյուրավառ միջոցներ, բութ առարկաներ են նետել, ֆիզիկական ոտնձգություն և դիմադրություն ցույց տվել ոստիկաններին։ Հանրահավաքի մասնակիցները վնասել և այրել են նախարարությանը պատկանող մեքենաներ, ոստիկանության հատուկ տեխնիկա։
«Հասարակական կարգը վերականգնելու և իրավախախտումները կանխելու նպատակով ոստիկանությունը հարկադրված է եղել հետևողականորեն համաչափ ուժ և «Ոստիկանության մասին» Վրաստանի օրենքով նախատեսված հարկադրանքի հատուկ միջոցներ կիրառել։
Ավելի ուշ հավաքվածները կազմակերպված հարձակում են սկսել խորհրդարանի շենքի վրա, այսպես կոչված «Մոլոտովի կոկտեյլներ» և պիրոտեխնիկայի նետում, այդ թվում՝ իրավապահների ուղղությամբ: Բողոքի ակցիայի անդամները փորձել են հրկիզել օրենսդիր մարմնի շենքը, քարեր նետել այդ ուղղությամբ, կոտրել ապակիները և վնասել երկաթե պաշտպանիչ ամբարտակները»,- նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Մարտի 7-ին, Վրաստանի խորհրդարանի տարածքում լարված իրավիճակ էր ողջ օրվա ընթացքում: Ցուցարարների ուղղությամբ մոբիլիզացված հատուկջոկատայինները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ: Քաղաքացիական հասարակության բողոքի ակցիաները Թբիլիսիում վերսկսել էին Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ հավանություն տալուց հետո:
Ստորև ամփոփ ներկայացնում ենք մարտի 7-ին Թբիլիսիում տեղի ունեցածը՝
Կոչ ԵԽ պատգամավորներից՝ հրաժարվել «օտարերկրյա գործակալների» օրենքից