Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են: Այսօր՝ հունիսի 24-ին, խորհրդարանի շենքի մոտ կանցկացվի «Ամոթ է» խորագրով 5-րդ ակցիան։
Ցուցարարների պահանջներից մեկը ժամեր առաջ իրականացավ․ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով: Ցույցի կազմակերպիչներն անդրադառնալով «Վրացական երազանք»-ի այս հայտարարությանը, նշում են, որ սա պատմական հաղթանակ է:
Անպատասխան են մնում, սակայն, մյուս երկու պահանջները՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականի և հունիսի լույս 21-ի գիշերը ձերբակալվածներին ազատ արձակելու հարցերը:
Կազմակերպիչների տարածած հայտարարության համաձայն, նախօրեին մեկ աչքը կորցրած 18-ամյա աղջկան խոստացել են, որ կշարունակեն պայքարը մինչև չիրականանան բոլոր պահանջները:
Նրանց տեղեկատվությամբ, անկարգություններից տուժածներից երկուսը միացված են արհեստական շնչառության ապարատին:
Հիշեցնենք՝ նախօրեին ցուցարարները բողոքի ակցիան ավարտեցին դեպի Վրաստանի կառավարության շենք անցկացրած երթով, իսկ այսօր իրենց բողոքն արտահայտեցին նաև ավտոերթով՝ Հանրապետության հրապարակից դեպի ՆԳ նախարարության շենք: