Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Գերմանիայի վերամիավորման օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ համոզմունք է հայտնել, որ Եվրամիությունը կճանաչի Վրաստանի առաջընթացն ու աշխարհաքաղաքական նշանակությունը և կկայացնի ևս մեկ պատմական որոշում՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով:
Վարչապետը նշել է, որ այդ հարցում ակնկալում են Գերմանիայի ամուր աջակցությունը: Կառավարության ղեկավարի խոսքով, Վրաստանի եվրոպական հեռանկարի ճանաչումը նոր լիցք է հաղորդել Վրաստանի հարաբերություններին Գերմանիայի և ԵՄ անդամ մյուս երկրների հետ։
«Հարգելի բարեկամներ, անցյալ տարվա հունիսին Վրաստանի եվրոպական հեռանկարի ճանաչումը նոր խթան հաղորդեց մեր երկրի հարաբերություններին Գերմանիայի և ԵՄ անդամ մյուս երկրների հետ։ Այդ ժամանակվանից ի վեր Վրաստանը ջանասիրաբար աշխատում է Եվրամիության 12 հանձնարարականների իրականացման ուղղությամբ, և մենք հուսով ենք, որ եվրաինտեգրման ճանապարհին մեր ձեռք բերած նշանակալի առաջընթացը համապատասխանաբար կճանաչվի»,- ասել է վարչապետը։