Թբիլիսին վտանգի տակ է դնում պատմական հնարավորությունը

Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերն արձագանքել է Բեռլինում կայացած Վրաստանի և Գերմանիայի նախագահների հանդիպմանը՝ նշելով, որ Վրաստանի կառավարությունը վտանգի տակ է դնում երկրի պատմական հնարավորությունը։

«Նախագահ Շտայնմայերն Բեռլինում ընդունելով նախագահ Զուրաբիշվիլիին՝ երախտագիտություն է հայտնել նրա եվրոպական դիրքորաշման համար, ափսոսանք հայտնել Եվրամիությանն անդամակցելու գործընթացում Վրաստանի հետընթացի համար։ Վրաստանի կառավարությունը վտանգում է պատմական հնարավորությունը»,- գրել է նա։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բեռլինում հանդիպել է իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Սալոմե Զուրաբիշվիլին գերմանացի գործընկերներին տեղեկացրել է երկրում ստեղծված նախընտրական լարված միջավայրի, քաղկուսակցությունների ընտրարշավի և ընտրություններից Վրաստանի քաղաքացիների սպասումների մասին։