«Ատլանտյան խորհրդի» Եվրասիայի կենտրոնի ղեկավար Ջոն Հերբսթն «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-Վրաստան հարաբերություններն անշեղորեն զարգանում են սխալ ուղղությամբ:
Ըստ նրա՝ բացի Վրաստանում աճող ռեպրեսիաներից, «Վրացական երազանք»-ի կառավարությունը հստակ, ոչ բարեկամական հայտարարություններ է արել արևմտյան և հատկապես՝ ամերիկյան արտաքին քաղաքականության վերաբերյալ։
«Մենք տեսնում ենք մի տեսակ ծնկաչոք իրավիճակ Մոսկվայի պահանջներին ու դիրքորոշումներին: Սա բավականին զարմանալի է, միաժամանակ շատ տխուր: Մեր հարաբերությունները, հավանաբար, առնվազն 1990-ականների սկզբից ի վեր երբևէ եղած ամենացածր կետում են», — ասել է Հերբսթը:
Հերբսթը կարծում է, որ միջազգային հանրությունը ուշ է արձագանքել անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններում հայտնաբերված խախտումներին և «Վրացական երազանք»-ի ռեպրեսիվ քաղաքականությանը։
Նա արձագանքել է Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ ԱՄՆ կատարած այցին, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը նրա հրավերին, որտեղ «Վրացական երազանք»-ից ոչ ոք հրավիրված չէր։
«Եկող և հեռացող վարչակազմերը հասկանում են, որ «Վրացական երազանք»-ի կառավարությունը վարկաբեկվել է», — կարծում է դիվանագետը։
Նա վստահ է, որ Վրաստանը վերադառնում է ռուսական ուղեծիր ոչ թե արագ, այլ նկատելիորեն. «Դանդաղ, հատկապես՝ «Վարդերի հեղափոխություն»-ից հետո Վրաստանը սկսեց հեռանալ Մոսկվայից և շարժվել դեպի Արևմուտք։ Այդ դինամիկան շարունակվեց Իվանիշվիլիի դարաշրջանի առաջին երկու, երեք կամ չորս տարիներին: Այժմ Վրաստանը, ես չէի ասի, արագ, բայց շատ նկատելիորեն վերադառնում է Մոսկվայի ազդեցության գոտի»: