Թբիլիսին շեղվել է ժողովրդավարական ուղեգծից. փոխպետքարտուղարի օգնական

Վրաստանի կառավարությունը կտրուկ շեղվել է ժողովրդավարական ուղեգծից, ինչը վտանգի տակ է դնում երկրի եվրաատլանտյան նկրտումները և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Ջոշուա Հաքը։

Հաքն այդ մասին խոսել է Կոնգրեսում, որտեղ հուլիսի 23-ին լսումներ են տեղի ունեցել Վրաստանում և Մոլդովայում նախատեսված ընտրությունների վերաբերյալ։

Նա անդրադարձել է Վրաստանի խորհրդարանի հաստատած «գործակալների օրենքի» մասին և ասել, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանքն» ընդունել է «ոչ ժողովրդավարական օրինագծեր», որպեսզի դրանով վարկաբեկի քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև ապատեղեկատվություն և հռետորական հարձակումներ է սկսել ամերիկյան և եվրոպացի գործընկերների դեմ, ովքեր տասնամյակներ շարունակ աջակցել են Վրաստանին։

«Մայիսի 28-ին իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի»  ընդունած «Օտարերկյա ազդեցության» օրենքը հակաժողովրդավարական շրջադարձի խորհրդանիշ է։ Այս օրենքը, որը Ռուսաստանում ընդունված օրենքի պատճենն է, ստեղծվել է քննադատական ​​ձայները լռեցնելու համար»,- ասել է Հաքը

Հաքիի խոսքով, 2024 թվականը Վրաստանի ապագայի և ժողովրդավարական առաջընթացի համար կարևորագույն տարի է։

«Մենք իշխանություններին բացատրեցինք ազատ և արդար ընտրությունների կարևորությունը և նշեցինք, որ մենք ուշադիր հետևում ենք գործընթացի էլեկտրոնային անցկացմանը: Մենք աջակցեցինք Վրաստանի խնդրանքին՝ կոչ անելով իշխանություններին ապահովել միջազգային հանրության անարգել մուտքը: Մեր աջակցությունն անսասան է Վրաստանի քաղաքացիական հասարակությանը… Վրաստանի ապագան պետք է որոշի Վրաստանի ժողովուրդը»,- հավելել է Հաքը։

Ի դեպ, 2024 թվականի մայիսի 14-ին, չնայած բազմահազարանոց բողոքի ցույցերին և միջազգային գործընկերների հորդորին` չընդունել օրենքը, խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց «գործակալների օրենքը»։