Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է Թբիլիսիում ընթացող գործողությունների վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ-ի գնահատականին։ Վրաստանի արտաքին գերատեսչությունը նշում է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ի գնահատականը «օբյեկտիվությունից զուրկ է»:
«Մենք ողջունում ենք, որ դուք ուշադիր հետևում եք Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն ցավում ենք, որ ձեր հայտարարությունը զուրկ է օբյեկտիվությունից»,- կարդում ենք ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Ըստ ԱԳՆ-ի՝ Վրաստանի իշխանությունը ձեռնպահ է մնացել Փարիզում իրավապահների և ցուցարարների միջև «դաժան առճակատուման» հարցում։
«Ուզում եմ հիշեցնել, որ Վրաստանի իշխանությունը ձեռնպահ մնաց Ֆրանսիայի հասցեին քննադատական հայտարարություններ անելուց, նույնիսկ այն ժամանակ, երբ Փարիզի իրավապահները ցուցարարներին դիմակայեցին մարդու իրավունքների համընդհանուր չափանիշներին լիովին անհամապատասխան դաժան մեթոդներով։ Ոչ օբյեկտիվ գնահատականները խթանում են բռնությունները, որոնք, ինչպես արդեն նշվեց, իրականացվում են քաղաքական ընդդիմության հետ առնչվող բռնի խմբերի կողմից և ֆինանսավորվում են դրսից»,- հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն։
Ի դեպ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն մայիսի 2-ին արձագանքել է Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձություններին, «գործակալների օրենքի» դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների կողմից ուժի կիրառման փաստերին։
«Մենք դատապարտում ենք արտաքին ազդեցության մասին օրենքի ընդունումից հետո ցուցարարների նկատմամբ բռնությունները։ Վրաստանի կառավարությունը պետք է շարունակի ջանքերը՝ իր բնակչության ցանկություններին համապատասխան Եվրամիության հետ մերձենալու ուղղությամբ»,- նշել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում։
Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անունը ստացած «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։