Ժնևում միջազգային բանակցությունների հարթակը կարևոր ձևաչափ է օկուպացիայի հետ կապված խնդիրների լուծման համար, և Վրաստանը կշարունակի ջանքերը Ժնևի միջազգային բանակցություններում, radiotavisupleba լրատվականին փոխանցել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ):
Տեղեկության համաձայն, ԱԳՆ-ից հայտնել են՝ Ժնևում միջազգային բանակցությունների ձևաչափը կարևոր հարթակ է, որտեղ վրացական կողմը միջազգային գործընկերների հետ միասին նպատակ ունի առաջընթաց գրանցելու այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագրի կատարումը, հումանիտար խնդիրները և ներքին տեղահանված անձանց վերադարձը։
«Վրաստանը շարունակում է և կշարունակի այդ նպատակով ջանքերը Ժնևի միջազգային բանակցություններում և պատրաստվում է հաջորդ փուլին», — հայտնել են ԱԳՆ-ից:
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան և դե ֆակտո արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան ասել են, որ Մոսկվան պահանջում է Ժնևի քննարկումները տեղափոխել «այլ տեղ»։ Ըստ նրանց՝ խոսքը, մասնավորապես, Մինսկի և Բաքվի մասին է։
Ի դեպ, Ժնևում միջազգային բանակցությունները ձևաչափ են, որը ստեղծվել է 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո հրադադարի համաձայնագրի համաձայն։ Սկզբում դա անցկացվում էր տարին չորս անգամ, սակայն պարբերականությունը, տարբեր պատճառներով, բազմիցս խախտվում էր։
Բացի Վրաստանից և Ռուսաստանից, բանակցություններին մասնակցում են Ցխինվալիի և Սոխումիի ներկայացուցիչները։ Հանդիպումներին մասնակցում է ԱՄՆ-ը, իսկ գործընթացը համանախագահում են Եվրամիության, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։
Ժնևի միջազգային բանակցություններն ընթանում են երկու զուգահեռ աշխատանքային խմբերում։ Մի խումբը քննարկում է անվտանգության հարցեր, երկրորդը` ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի, ինչպես նաև՝ մարդասիրական այլ խնդիրներ և մարդու իրավունքների խախտումներ (մայրենի լեզվով կրթություն, մշակութային ժառանգության պաշտպանություն, օկուպացիոն գծով ազատ տեղաշարժ և այլն):