Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտնել է, որ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները հրավիրել են «վերապահումներով», ինչը «չի համապատասխանում գործընկերության ոգուն»։
«Ցանկանում ենք պարզաբանել, որ Վրաստանի վարչապետը հրավիրվել է ԱՄՆ այն վերապահումով, որ մինչ այցը Վրաստանի խորհրդարանը պետք է ժամանակավոր դադարեցնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկումը»,- նշված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԳՆ-ի՝ «վերապահումներով այց կատարելը չի համապատասխանում գործընկերային ոգուն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և փոխադարձ վստահության վրա»։ Հայտարարության համաձայն, այս հարցի վերաբերյալ «մանրամասն բացատրություն է տրվել ԱՄՆ դեսպանին»։
Ի դեպ, ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանն ասել էր, որ Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները մերժել են ԱՄՆ այցի հրավերը:
«Վերջերս մենք հրավիրել ենք Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ռազմավարական գործընկերության և ԱՄՆ օգնության վերաբերյալ ցանկացած հարց քննարկելու Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ցավոք, վրացական կողմը նախընտրեց հրաժարվել այդ հրավերից»,- ասել էր դեսպանը: