Թբիլիսին ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ ճանապարհով ձեռք բերված պատմական որոշումը՝ սկսել պետական սահմանի սահմանազատման գործընթացը։ Հուլիսի 3-ին Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին:
Դարչիաշվիլին հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացը կպահպանի դրական դինամիկան: Դարչիաշվիլիի խոսքով, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող առանձնահատուկ բարեկամության ու բարիդրացիությանը, որը գալիս է դարերով։
«Վստահ եմ, որ այսօրվա այցը նոր լիցք կհաղորդի մեր համագործակցությանը բազմաթիվ ուղղություններով»,- ասել է Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Հանդիպմանը կողմերը խոսել են նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցության մասին։ «Այսօրվա հանդիպմանը ես ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցի իմ գործընկերոջը ՄԱԿ-ի բանաձևին պատմական աջակցության համար, որը հաստատում է բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների Աբխազիա և Ցխինվալի վերադարձի իրավունքը»,- ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ Վրաստանը և Հայաստանը մեծապես աջակցում և հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Հանդիպմանը նշվել է, որ Հայաստանը գտնվում է Վրաստանի առևտրային գործընկերների տասնյակում, իսկ զբոսաշրջության գծով՝ առաջին եռյակում։ Բացի այդ, կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և հատուկ ուշադրություն են դարձրել խաղաղության պահպանման կարևորությանը։
«Խոսել ենք տարածաշրջանում ընթացող գործընթացների, առկա մարտահրավերների ու հնարավորությունների մասին։ Մենք ընդգծեցինք մեր համատեղ ջանքերի կարևորությունը այս մարտահրավերներին դիմակայելու գործընթացում։ Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը: Մենք պատրաստ ենք մեր հարևանների կարիքների և մեր հնարավորությունների սահմաններում շարունակել նպաստել կառուցողական երկխոսության խթանմանը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովմանը», — ասել է Դարչիաշվիլին: