Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հաղորդագրության համաձայն, վրացական կողմը ողջունում է ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում արտահայտված աջակցությունը ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական հարթություններում։
Նշվել է, որ Վրաստանի պատվիրակության մասնակցությունը Վիլնյուսի գագաթնաժողովին ԱԳ նախարարի գլխավորությամբ ևս մեկ անգամ վկայում է ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության ռազմավարական կարևորության և Վրաստանի ինտեգրացիոն գործընթացի անշրջելիության մասին։
«Վրացական կողմը ողջունում է ՆԱՏՕ-ի հաստատակամ և միանշանակ դիրքորոշումն այն մասին, որ անթույլատրելի են ինքնիշխան երկրների արտաքին և անվտանգության քաղաքականության ընտրությունը սահմանափակելու փորձերը»,- նշված է հայտարարության մեջ:
Հաղորդագրության համաձայն, հաշվի առնելով ստեղծված բարդ անվտանգության միջավայրը՝ վրացական կողմի համար հատկապես արժեքավոր է Դաշինքի անսասան աջակցությունը՝ հանուն Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության:
Վրացական կողմը բարձր է գնահատել գագաթնաժողովի որոշումները՝ Վրաստանի պաշտպանունակության և փոխգործունակության ամրապնդման առումով և իր երախտագիտությունն է հայտնել ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի շրջանակներում անդամ երկրների կողմից ցուցաբերվող կարևոր օգնության համար։
Ի դեպ, Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու Անդամակցության գործողությունների ծրագրի (MAP) անհրաժեշտությունը մնում է ուժի մեջ: Վիլնյուսի գագաթնաժողովի կոմյունիկեն ևս մեկ անգամ հաստատում է Դաշինքի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ընդգծվում է նաև, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի իրավունքին՝ որոշել սեփական ապագան և արտաքին քաղաքական կուրսը առանց արտաքին միջամտության։