Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) իր մտահոգությունն է հայտնում Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Օչամչիրե քաղաքում ռուսական ռազմածովային նավատորմի բազան տեղակայելու հեռանկարի առնչությամբ։
ԱԳն-ն նշում է՝ նմանատիպ գործողությունները «հերթական սադրիչ փորձն են՝ ուղղված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների անօրինական օկուպացիայի օրինականացմանը»։
«Մենք մտահոգություն ենք հայտնում Սոխումիում ռուսական օկուպացիոն ռեժիմի հայտարարությունների առնչությամբ՝ Վրաստանի օկուպացված տարածքներում լրացուցիչ ռուսական ռազմակայանի տեղակայման և Վրաստանի անբաժանելի Աբխազիայի շրջանը Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացներում ներառելու վերաբերյալ։
Նմանատիպ գործողությունները Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտումներ են և Աբխազիայի ու Ցխինվալիի շրջանների անօրինական օկուպացիան օրինականացնելու ևս մեկ սադրիչ փորձ»,- նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Արտաքին գերատեսչությունը նաև հավելում է՝ միջազգային հանրությունը վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
«Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը հարգել իր միջազգային պարտավորությունները, կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ին Եվրամիության միջնորդությամբ կնքված զինադադարի համաձայնագիրը և դադարեցնել Վրաստանի անբաժանելի շրջանների անօրինական օկուպացիան»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Ի դեպ, Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ Օչամչիրե քաղաքում ռուսական ռազմածովային մշտական բազա կստեղծվի:
Վրաստանի քաղհասարակությունը և վերլուծաբանները Մոսկվայի այս քայլը քննադատել են: Ըստ նրանց՝ ռուսական սևծովյան նավատորմը և նրա ենթակառուցվածքը ուկրաինացիների հարվածների պատճառով լքում են Ղրիմը և տեղափոխվում Վրաստան, և նրանք կտեղակայվեն Վրաստանից չվերահսկվող Գուդաութայում, Սոխումիում և Օչամչիրեում: