Ադրբեջանի կողմից 9 ամիս շրջափակված Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար աղետի և Հայաստանին կապող Լաչինի միջանցքը բացելու շուրջ Երևանին և Բաքվին իր միջնորդությունն առաջարկող Թբիլիսին շարունակում է լռություն պահպանել։
Պաշտոնական Թբիլիսին որևէ հայտարարություն Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին դեռևս չի արել։ Մինչդեռ Լեռնային Ղարաբաղում 2020-ի պատերազմից հետո Վրաստանի՝ չեզոք միջնորդի դեր ստանձնելու մասին հայտարարություններն ու գործողությունները խոստումնալից արագ ընթացք էին ստանում․ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերով պատերազմից մի քանի ամիս անց՝ 2021 թվականի հունիսին, Ադրբեջանը Հայաստանին հանձնեց 15 գերիների, Երևանը Բաքվին՝ ականապատ դաշտերի քարտեզներ։ Մեկ տարի անց էլ Թբիլիսիում առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները երկկողմ հանդիպում ունեցան։
Վրաստանյան փորձագիտական շրջանակներն այսօր մեղադրում են իշխանություններին՝ Թբիլիսիի միջնորդական բացառիկ հնարավորությունը ձախողելու համար։
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խեդաշելին Եվրոպական խորհրդի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ Մոլդովայում վերջերս Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպմանն անդրադառնալով, ասել էր․ «Թբիլիսիին այլևս չեն հիշում, չեն վստահում, մենք այլևս չենք երևում եվրոպական ռադարներում, այս ամենի հետ կորցնում ենք մեր կարևորագույն, բացառիկ գործառույթը»։
Իշխանության հիմնական ընդդիմախոսները, որ ևս ողջունել էին Թբիլիսիի միջնորդական պատրաստակամությունը, պասիվությունը պայմանավորում են երկրի «արևմտյան կուրսից շեղվելու հետ»։
Քաղաքական դաշտի մեկ այլ հատվածում էլ կարծում են՝ այս պահին Թբիլիսիի լռությունը կապված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ակտիվ ռազմավարական և տնտեսական գործակցությամբ․ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարություններ անող միջազգային հանրությանը զգուշացնում է՝ «չխառնվել Ադրբեջանի ներքին գործերին»։
Ադրբեջանը և Թուրքիան, ի դեպ, բացի կարևորագույն առևտրային գործընկեր լինելուց, Վրաստանում նաև բավական խոշոր ներդրողներ են, երեք երկրները ներգրավված են մի շարք համատեղ էներգետիկ ու տրանսպորտային նախագծերում։
Կովկասյան հարցերով փորձագետ Դավիթ Մայիսայան կարծում է՝ Թբիլիսին այս պահին կաշկանդված է Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությամբ․ «փորձում է իրավիճակը չլարել, սակայն իր խաղասիրական առաքելությունը կրկին կատիվացնի»։
Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար Պաատա Զաքարեաշվիլին, սակայն, պնդում է, որ դիվանագիտությունում կան այնպիսի ձևակերումներ, որոնք ընդունելի կլինեն և´ Երևանի, և´ Բաքվի համար։ Նախկին նախարարի խոսքով, Վրաստանը յուրահատուկ, չեզոք դերակատար կարող է դառնալ, քանի որ շահագրգռված է հարևանությամբ խաղաղության ու կայունության հաստատմամբ․
«Վրաստանը կարող է կողմերին տարածք տրամադրել, նրանց համար սեղանի շուրջ արդյունավետ քննարկման մթնոլորտ ապահովել։ Վրաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որ կոնֆլիկտում ներգրավված երկրների հետ լավ հարաբերություններ ունի։ Սա մեր ընդհանուր տարածաշրջանն է։ Մեր վարչապետը հիմա Բաքվում կամ Երևանում պիտի լինի․․․»։
Վրացի գործիչները կոչ են անում իշխանություններին չկորցնել պատմական հնարավորությունը, որի հիմքը դրվել է դեռ անցյալ դարի սկզբին։
Նշվում է, որ 1919 թվականին Վրաստանի վարչապետ Նոե Ժորդանիայի նախաձեռնությամբ Թբիլիսիում անցկացվել է կովկասյան գիտաժողով, որին մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հակամարտությունները լուծելու ու խաղաղ համակեցությամբ առաջ շարժվելու նպատակով։
Ի դեպ, մի հետաքրքրիր փաստ, որի մասին վերջերս Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ուղղված բաց նամակում փաստել էր ՀՀ Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը։
Այսօր հացի սուր խնդրի առջև կանգնած Լեռնային Ղարաբաղում «սիմինդրի ալյուրից հացը անվանում են «ճաթ»։ Դա վրացերեն «ճադի»-ի մի փոքր հնչյունափոխված ձևն է, ինչը վկայում է, որ Լեռնային Ղարաբաղը Վրաստանի հետ «հացի ընկերության» շատ խորը կապեր ունի»,- գրել է Աթանեսյանը, Ղարիբաշվիլիին ուղղված բաց նամակում՝ հույս հայտնելով, որ վերջինս իր դրական ներդրումը կունենա խնդրի լուծման գործում։