USAID-ի Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ Ալեքսանդեր Սոկոլովսկին կարծում է, որ Վրաստանը դեռ կարող է վերադառնալ ժողովրդավարության և Եվրոպայի ուղի։
«Հայտնի է, որ վրացական ժողովրդավարության համար շատ դժվար ժամանակաշրջան է, ինչը պայմանավորված է «գործակալների մասին» օրենքի ընդունմամբ և ժողովրդավարության նահանջի բազմաթիվ այլ ցուցումներով։ Չնայած այս մարտահրավերներին, ես կցանկանայի թվարկել մի շարք ուժեղ կողմեր, որոնք Վրաստանը դեռևս ունի ժողովրդավարության հետ կապված»,- ասել է Սոկոլովսկին՝ «Անցումային տարի» խորագրով թբիլիսյան 8-րդ միջազգային համաժողովում։
Նա ասել է, որ Վրաստանում ժողովրդավարական արժեքները խորը հիմքեր ունեն, հատկապես երիտասարդ սերունդը հավատարիմ է ժողովրդավարությանը: Վրացիներն իրենց տեսնում են որպես Եվրոպայի մաս, իսկ Եվրամիությունը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է շնորհել: Բացի այդ, վերջին 20 տարիների ընթացքում երկիրը զգալիորեն զարգացել է սոցիալ-տնտեսական առումով, ունի ժողովրդավարական համակարգեր կառուցելու զգալի փորձ։
Սոկոլովսկին նաև նշել է, որ Վրաստանում տեղի են ունեցել մի շարք ընտրություններ, որոնք միջազգային խմբերը համարել են հիմնականում ազատ և արդար, ինչպես նաև իշխանփոխության խաղաղ անցման երկու օրինակ (նկատի ունի 2003-ի վարդերի հեղափոխությունը և 2012-ին ընտրությունների միջոցով խաղաղ իշխանափոխությունը, հեղ․)։
Ըստ նրա, Վրաստանին այսօր անհրաժեշտ է ազատ և արդար ընտրություններ անցկացնել։