Վրաստանը պատրաստ է համագործակցել հարևան երկրների հետ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների դիվերսիֆիկացման և ամրապնդման ընդհանուր նպատակին հասնելու համար։
Այս մասին ընդգծել են Հայաստանում Վրաստանի դեսպանությունից՝ պատասխանելով հայկական «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին, թե ինչպե՞ս է Վրաստանը վերաբերվում Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
«Մենք ճանաչում ենք Կովկասի ռազմավարական նշանակությունը որպես հաղորդակցությունների համար կենսական կարևորություն ունեցող տարածաշրջան և դրա աճող կարևորությունը կապի ապահովման գործում:
Վրաստանը պատրաստ է համագործակցել հարևան երկրների հետ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների դիվերսիֆիկացման և ամրապնդման մեր ընդհանուր նպատակին հասնելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը, տնտեսական աճին և կապերի ընդլայնմանը»,- նշել են դեսպանությունից։
Երևանը Թբիլիսիին առաջարկում է միանալ Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Այս մասին դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ Դիլիջան քաղաքում կայացած հանդիպմանը:
Հարկ է նշել, որ հոկտեմբերին Թբիլիսիում անցկացված «Մետաքսի ճանապարհի ֆորում»-ի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին: Ըստ Փաշինյանի՝ այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ` էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: