Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի խոսքով, ՆԱՏՕ-Ռուսաստան հանձնաժողովի նիստից հետո վրացական պատվիրակության այցը Բրյուսել շատ կարևոր է և հաստատում է, որ ՆԱՏՕ-ի գործընկերները հատուկ ուշադրություն են դարձնում Վրաստանին։
Զալկալիանիի խոսքով, ՆԱՏՕ-ում նախատեսված հանդիպումներն առանձնահատուկ նշանակություն ունեն ապագա համակարգման և համատեղ գործունեության տեսանկյունից, և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, այդ թվում մինչև Մադրիդի գագաթնաժողովը, ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի նպատակներին հասնելու համար։
«ՆԱՏՕ-ի մեր գործընկերները հատուկ ուշադրություն են դարձնում մեր երկրին, և Վրաստանի վերաբերյալ որոշումներ չեն ընդունվի առանց Վրաստանի։ Հեռախոսազրույցների ընթացքում ինձ հաստատել են և՛ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը, և՛ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, և վստահ եմ, որ նույնը կհաստատվի դեսպանների հետ այսօրվա հանդիպմանը»,- ասել է Զալկալիանին։
Ըստ Զալկալիանիի՝ ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ ունեցած զրույցների բովանդակությունը իրեն հիմք է տալիս ասելու, որ ՆԱՏՕ-ի վրաստանյան գործընկերների կողմից շատ հստակ ասվել է, որ 2008-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշման վերանայում չի լինի, որ ազդեցության ոլորտների մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող:
Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Վրաստանը հետևողական է, և երկրի պլանները Մադրիդյան գագաթնաժողովի համար մնում են անփոփոխ, և պետության մոտեցումներում ոչինչ չի փոխվում։
«Մենք հետևողական ենք։ Մեր մոտեցումներում ոչինչ չի փոխվում, ինչպես համոզված եմ, որ նման ուղերձ կլսենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերներից։ Մադրիդյան գագաթնաժողովի մեր ծրագրերը նույնն են, ինչ նախկինում: Ես չեմ ակնկալում, որ Ռուսաստանը կփոխի իր դիրքորոշումը, բայց անհրաժեշտ է, որ երկխոսությունը շարունակվի»,- ասել է Զալկալիանին՝ ընդգծելով, որ և՛ գլխավոր քարտուղարը, և՛ ՆԱՏՕ-ի վրաստանյան գործընկերները բարձրաձայնել են, որ երկխոսությունը պետք է շարունակվի, բայց ոչ այն նախապայմանների հաշվին, որոնք Ռուսաստանի Դաշնությունը դնում է ՆԱՏՕ-ի ընդլայնման համատեքստում
Հիշեցնենք՝ Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ 2022 թվականի հունվարի 17-18-ը փոխվարչապետը կայցելի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում և ԵՄ-ում։