Վրաստանը, ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը արգելելու իշխող «Վրացական երազանք» կուսակցության ծրագրով գնում է Հյուսիսային Կորեայի ճանապարհով, գրել է ամերիկյան POLITICO պարբերականը
Պարբերականը նաև ընդգծել է, որ վրաց ժողովրդի՝ Եվրամիությանն անդամակցելու հավակնությունները նոր սպառնալիքի առաջ են կանգնած։
Նշենք, որ «Վրացական երազանք»-ը ընտրություններից առաջ խոստացել է, որ իր քաղաքական հակառակորդներին հակասահմանադրական կճանաչի, եթե նրանք հաղթեն խորհրդարանական ընտրություններում` սահմանադրական մեծամասնությամբ։
POLITICO-ն գրել է` ընդդիմության արգելքը վերջ կդնի Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու առանց այն էլ սառեցված ձգտումներին:
Պարբերականն արձագանքել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այն մեկնաբանությանը, որ ընդդիմության գործունեությունը սահմանափակող միջոցներ են ընդունվել Ուկրաինայում և Մոլդովայում, և դա վտանգ չի ստեղծել այդ երկրների և Արևմուտքի միջև կառուցված կամուրջների համար։
«Արևելյան Եվրոպայի այս երկու երկրները հատուկ արգելեցին ռուսամետ խմբավորումներին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո՝ այս քաղաքական ուժերի կողմից հեղաշրջման ծրագրերի մասին նախազգուշացումների ֆոնին: Երկու երկրներն էլ պահպանել են ուժեղ, կենսունակ բազմակուսակցական համակարգ»,- գրել է պարբերականը։
«Վրացական երազանք»-ը չի բացառում ընդդիմության մանդատների չեղարկումը