Թբիլիսին և Երևանը քննարկում են սահմանային անցակետերի արդիականացման հարցը

Վրաստանն ու Հայաստանը քննարկում են երկու երկրների միջև սահմանային անցակետերի արդիականացման հարցը: Այս տեղեկությունը ներառված է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանի և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակության հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ:

Ըստ ՀՀ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

«Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ հսկողության անցակետի ստեղծան ծրագրի իրականացման ընթացքին, ինչպես նաև երկու երկրների մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի բարելավմանն ու լիարժեք գործարկմանը։ Քննարկվել է նաև Վրաստանի տարածքով էլեկտրոնային կապարակնիքներով կնքված՝ բեռնված տրանսպորտային միջոցների տեղափոխման նպատակով անհրաժեշտ գործողությունների իրականացման պլանի ապահովման հետ կապված հարցեր», — նշված է ՀՀ ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:

Նաև նշված է, որ կողմերը գոհունակություն են հայտնել մաքսային և հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության պայմանագրերի արդյունավետ կիրառման և հնարավոր իրավախախտումների դեմ պայքարին ուղղված համատեղ ջանքերի ներդրման վերաբերյալ։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը և կատարելագործել երկկողմ փոխգործակցության բարելավմանն ուղղված գործիքներն ու մեխանիզմները՝ հաշվի առնելով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները։