Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն Ավստրիա կատարած ընթացիկ պաշտոնական այցի շրջանակներում առաջին հանդիպումն է անցկացրել Ավստրիայի քրեակատարողական ծառայության գլխավոր տնօրեն Ֆրիդրիխ Ալեքսանդր Կիոնիգի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի արդարադատության նախարարության էջից:
Նախարարության փոխանցմամբ, կողմերը կիսվել են քրեակատարողական ծառայությունների ոլորտում իրենց փորձով և առկա գիտելիքներով։
Հանդիպման ժամանակ Բրեգաձեն խոսել է Վրաստանի քրեակատարողական և պրոբացիոն համակարգում (այլընտրանք է ազատազրկմանը-խմբ.) գրանցված ձեռքբերումների մասին։ Նա ավստրիական կողմին տեղեկացրել է «Թվային համալսարան» նորարարական կրթական նախագծի մասին, որը մեծացնում է դատապարտյալների կրթության հասանելիությունը։
Նշվել է, որ Վրաստանի արդարադատության նախարարությունը նախատեսում է ավելի խորացնել համագործակցությունը Ավստրիայի հետ քրեակատարողական և պրոբացիոն համակարգի կառավարման ուղղությամբ, ինչը թույլ կտա երկրին զարգացնել վերականգնողական և վերասոցիալականացման ծրագրերը:
Բրեգաձեն նշել է, որ լավագույն եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը Վրաստանի արդարադատության նախարարության ռազմավարական առաջնահերթությունն է, և դա արտացոլված է նախարարության զարգացման 10-ամյա ծրագրում։
«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել Վրաստանի արդարադատության նախարարի և նրա պատվիրակության հետ՝ խոսելու Վրաստանի և Ավստրիայի քրեակատարողական համակարգերի և մեզ բոլորիս հուզող հարցերի մասին։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք շատ բան սովորել միմյանցից, և երկու կողմերն էլ շատ գոհ են այս հանդիպումից»,- ասել է Կիոնիգը։