Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գափարովային։
Կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական կապերի ամրապնդմանը և տարածաշրջանի կարևորագույն տրանսպորտային և էներգետիկ նախագծերին։
Նշվել է, որ երկու երկրների հարաբերություններում առանձնահատուկ նշանակություն ունի Վրաստանի խորհրդարանի և Ադրբեջանի Միլի մեջլիսի սերտ համագործակցությունը։
«Վարչապետը նշել է, որ երկու երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստերը ողջունելի են վերսկսելու համար։ Նշենք, որ 10-ամյա դադարից հետո առաջին նիստը կայացել է Բաքվում՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցի ժամանակ։ Վարչապետի խոսքով, նիստերի վերսկսումն առանցքային գործոն է տարածաշրջանային նախագծերի և ձևաչափերի պահպանման և զարգացման համար, ինչն իր հերթին կբարձրացնի տարածաշրջանի գրավչությունը:
Հատուկ անդրադարձ է կատարվել տրանսպորտային և էներգետիկ նախագծերին, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Հարավային Կովկասի գազամուղը, Անդրանատոլիական գազատարը (TANAP) և Անդրադրիատիկ խողովակաշարը (TAP): Հանդիպման ընթացքում ընդգծվել է առկա նախագծերը էլ ավելի զարգացնելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանի մրցունակությունը բարձրացնելու և Արևմուտքի հետ կապն ապահովելու համար», — ասված է Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
Ղարիբաշվիլին նշել է, որ այս տարի լրանում է Վրաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի կապակցությամբ նախատեսվում են մի շարք միջոցառումներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների մշակութային և կրթական կապերը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած ամուր աջակցության համար։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությանը։ «Զրույցը կենտրոնացել է ապառազմականացման և հակամարտության խաղաղ կարգավորման պետական ռազմավարության վրա»։
Նշվում է նաև, որ կողմերը քննարկել են «Հարավային Կովկասում խաղաղ հարևանության նախաձեռնությունը»:
Վարչապետի խոսքով՝ Վրաստանը պատրաստ է շարունակել ակտիվ միջնորդի դերը՝ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունները։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևը, Վրաստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբի նախագահ Արզու Նագիևը, պատգամավորներ Ֆազաիլ Աղամալը և Սաբիր Ռուստամխանլին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն։