Վրաստանի կառավարությունը դատապարտում է Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը:
Վրաստանի կառավարության վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ կառավարությունն իր ցավակցությունն է հայտնում մահացածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։
«Վրաստանի կառավարությունը դատապարտում է Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը, որի արդյունքում տասնյակ անմեղ մարդիկ են զոհվել։ Մենք ցավակցում ենք ռուս ժողովրդին։ Ցավակցում ենք մահացածների ընտանիքներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», — նշված է հաղորդագրության մեջ:
Մարտի 22-ին, երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում Մերձմոսկովյան Կրասնոգորսկի Crocus City Hall համերգասրահում ավտոմատ հրազենով զինված մարդկանց կողմից հարձակում է կազմակերպվել. վերջիններս ներխուժել են համերգասրահ և կրակ բացել համերգի մեկնարկին սպասող մարդկանց վրա, այնուհետև շարժվել են դեպի դահլիճ, որտեղ հազարավոր մարդիկ սպասում էին «Պիկնիկ» խմբի ելույթին:
Ըստ առկա տեղեկությունների՝ այս պահի դրությամբ (ժամը 13:30) Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած հրաձգության և պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի, վիրավորներինը՝ 146-ի։
Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Միաժամանակ նշվում է, որ այդ տեղեկատվության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել բոլոր պետություններին ակտիվորեն համագործակցել Ռուսաստանի հետ՝ ահաբեկչության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։